Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Մեկդարյա հեռավորությունից ճառագող լույսը՝ Հայկանուշ Ասատրյան

Մեկդարյա հեռավորությունից ճառագող լույսը՝ Հայկանուշ Ասատրյան
21.12.2025 | 11:48

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստուհին 111 տարեկան է։

«Արվեստագետի կոչումն է լույսով ողողել մարդկային հոգու խորքերը»,- կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի խոսքերն են: Հենց այս՝ ի վերուստ տրված առաքելությամբ անցյալ դարում ապրեց ու Խորհրդային Հայաստանի արվեստի պատմության մեջ ինչ-որ չափով մնաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի պարուհի Հայկանուշ Ասատրյանը՝ հայ թատրոնի և կինոյի արտիստ Էդվարդ Մուրադյանի կինը, բալետի արտիստուհի Իվետտա Մուրադյանի, գրող, կինոգետ, Դավիթ Մուրադյանի մայրը, օպերայի և բալետի թատրոնի վաստակավոր պարող Զարեհ Մուրադյանի, լուսանկարիչ Տիրան Մուրադյան-Քուպելյանի հարսը։

Ազնվափայլ գեղեցկությամբ օժտված հայուհին՝ Հայկանուշ Ասատրյանը, ազնվական էր նաև իր մարդկային տեսակով. շնորհաշատ կին, ով կարողանում էր ստեղծել արվեստի մթնոլորտ, իր շռայլ հոգով և մարդկային տեսակով գրավել բոլորին։

Եվ Էդվարդ Մուրադյանի և Հայկանուշ Ասատրյանի տունը եղել է մի իսկական Վերնատուն, որտեղ մշտապես հավաքվել են նշանավոր մարդիկ՝ արտիստ Վահրամ Փափազյանը, գրող Արշակ Չոպանյանը, դերասանուհի Արուս Ոսկանյանը, արտիստ Հրաչյա Ներսիսյանը, ռուս հայտնի բալետմեյստեր Ալեքսեյ Երմոլաևը, բալետի արտիստ Վանուշ Խանամիրյանը։

Ինչի՞ մասին են զրուցել արվեստի մեծերը, ինչպիսի՜ ոգեղեն զրույցներ են ծավալվել Էդվարդ Մուրադյան-Հայկանուշ Ասատրյան ազնվական ներաշխարհով օժտված զույգի հարկի տակ, մնում է միայն պատկերացնել, որոնք, ցավոք, չեն արձանագրվել ու գրի չեն առնվել։ Որքա՜ն կարևոր դասեր կքաղեինք մենք՝ սերունդներս, եթե մի հրաշագործ ձեռք պահպաներ այդ ամենը պատմության համար։ Սակայն ժամանակի հեռվից այս փաստերը վկայում են, որ մենք դեռ շատ աշխատանք ունենք տանելու՝ սերունդներին փոխանցելու ա՛յն արվեստագետների կերպարները, ովքեր ապրեցին պատմական ծանրագույն ժամանակներ, բայց երբեք չդադարեցին արարել՝ մնալով իրենց ոգեղեն բարձունքում։ Եվ այդ արվեստագետների փաղանգում մեկդարյա հեռավորությունից ճառագում է Հայկանուշ Ասատրյանի անունը։

Հայկանուշ Ասատրյանը ծնվել է 1914 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Երևանում:

Աշխատել է Խորհրդային Հայաստանի մի շարք թատրոններում՝ Ժողովրդական երգի ու պարի անսամբլ (1938-40 թթ․) մասնագիտությունը՝ պարուհի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Պետական Ակադեմիական թատրոն, մասնագիտությունը՝ պարուհի-կորիֆեյ։ Նա ա՛յն սերնդի արվեստագետն է, ով եղել է օպերայի և բալետի թատրոնի արտիստների հենց առաջին կազմից:

Հետաքրքիր և ներկայացուցչական է եղել Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Պետական Ակադեմիական թատրոնի բալետներում և օպերաներում դերապարերի ցանկը, որոնք հիշատակելը ավելի է ուրվագծում Հայկանուշ Ասատրյան-արվեստագետի հետագիծը. «Քեթո և ԿոտԷ» օպերայում մենապար՝ Լեկուրիի պարը Վանուշ Խանամիրյանի հետ, «Ժիզել բալետում» ՝ մայր, «Կարապի լիճը» բալետում ՝ թագուհի, «Գայանե» բալետում ՝ մայր, «Վալպուրգյան գիշեր»՝ բալետում ՝ փերիների պար, «Բախչիսարայի շատրվանը» բալետում ՝ աղախին, «Անուշ» օպերայում ՝ պար համբարձման տեսարանում, «Բժիշկ Այբոլիտ» բալետում ՝ մայր կապիկ, «Տիկնիկների աշխարհում» բալետում ՝ դամա։

Պարերով հանդես է եկել մի շարք օպերաներում և բալետներում՝ «Ալմաստ» օպերա, «Կարմեն» օպերա, «Պիկովայա Դամա» բալետ, «Ռայմոնդա» բալետ, «Դավիթ Բեկ» օպերա, «Դաիսի» բալետ, «Լակմե» բալետ, «Աիդա» օպերա, «Ռիգոլետտո» բալետ, «Արշակ II» օպերա, «Կոշկավոր կատուն» բալետ, «Եվգենի Օնեգին» օպերա, «Սևան» բալետ, «Սամսոն և Դալիլա» օպերա։

Բնությունը շռայլորեն օժտել էր Հայկանուշ Ասատրյանին՝ և՛ գեղեցկությամբ և ՛ բազում շնորհներով: Եթե անմնացորդ չնվիրվեր բալետին, ապա լինելու էր նույնքան շնորհաշատ դերասանուհի և երգչուհի:

Նա պարել է «Հայֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական ֆիլմերում՝ «Անահիտ», «Քաջ Նազար»։

Եղել է նույնիսկ մի ստեղծագործական շրջափուլ, երբ Հայկանուշ Ասատրյանը թատրոնում աշխատել է դստեր՝ բալետի արտիստուհի Իվետտա Մուրադյանի հետ:

Արևմտյան Հայաստանում՝ Խարբերդում ծնված, Հայոց ցեղասպանությունն ու հայրենազրկումը վերապրած Էդվարդ Մուրադյան–արտիստը Հայկանուշ Ասատրյանի հետ հիմնեց արվեստագետների տոհմ: Եվ ինքը Հայկանուշ Ասատրյանը, հետագայում իր հուշերը պիտի գրեր, որոնք ասես այդ զարմանահրաշ ու ազնվական ընտանիքի բնութագրի խտացումն են: Դրանք եղել են նամակներ, որոնք նա ժամանակին ուղարկել է ամուսնու ազգականներին: Սակայն, բարեբախտաբար, պահպանվել են սևագրերը՝ այսօր արդեն որպես արժեքավոր մասունքներ։ Եվ ահա ներկայացնում ենք մի փոքրիկ պատառիկ այդ հուշերից.

«…37 թվականից աշխատել եմ օպերային թատրոնում՝ որպես պարուհի՝ մինչև 63 թվականը: Այդ ժամանակաշրջանում Իվետտաս՝ աղջիկս ավարտելով պարուսուցումը, ընդունվեց 53 թվին և միասին բեմահարթակում պարեցինք: Նա էլ է անցել թոշակի: Ամուսինս նույնպես դերասան էր, մեծ տեգրս՝ Տիրանը, նկարիչ , փոքրը՝ օպերայի թատրոնի վաստակավոր պարող և բեմադրող, ընտանիքով սիրահարված արվեստին, ցավոք, երեք եղբայրներն էլ մահացել են, լավ երիտասարդներ էին…»:

Այդ հուշերի պատառիկները և լուսանկարն ինձ է տրամադրել Էդվարդ Մուրադյան-Հայկանուշ Ասատրյան արտիստական զույգի թոռը՝ կինոյի արտիստ, պրոդյուսեր Արմեն Մուրադյանը, ինչի համար շնորհակալ եմ: Եվ որքա՜ն արժեքավոր կլիներ մեզ համար, եթե Հայկանուշ Ասատրյանը շարունակեր գրել ու թղթին հանձնել իր բոլոր հուշերը մեծերի , նրանց հետ հանդիպումների մասին։

Հայկանուշ Ասատրյանը կյանքից հեռացավ 1997 թվականի փետրվարի 4-ին:

Նրա անունը կարող էր հնչել աշխարհի հեղինակավոր թատրոնների բեմերում։ Սակայն ազնվազարմ Հայուհուն վիճակված չէր դուրս գալու երկրի սահմաններից՝ խորհրդային ռեժիմի, հետագայում նաև՝ Հայրենական պատերազմի ծանր ժամանակների պատճառով։

Մնաց այստեղ՝ իր ազգի հետ ու հասցրեց վերապրել նաև 1988-ի աղետալի երկրաշարժի ցավը, տեսավ Արցախյան ազատամարտը և ազգին բաժին հասած դժվարին տարիները։ Բայց, ինչպես վկայում է թոռը՝ Արմեն Մուրադյանը, նրա հոգին լի էր հույսով ու լուսավորի սպասումով… և կյանքի վերջին տարիներին էլ նա ապրում էր արվեստի իրակա՛ն արժեքներով, իրեն շրջապատում գեղեցիկով։ Եվ անգամ 1990-ական թվականներին՝ լիներ ցերեկը թե մոմի լույսի տակ, կարդում էր գրքեր, դիտում էր բարձրարժեք ֆիլմեր, լսում գեղեցիկ մեղեդիներ։ Իր խոհերը և մտորումները արվեստին տեր լինելու, իրական արժեքները զարգացնելու և պահպանելու մասին էին, առանց որի չի կարող հարատևել որևէ քաղաքակիրթ ժողովուրդ։

Շնորհավոր Ձեր հոբելյանական տարեդարձը, ազնվազարմ Հայուհի:

Սերունդները դեռ տալու են Ձեր վաստակի իրական գնահատականը: Մշակույթի պատմության էջերում ժամանակի հեռվից ճառագելու է Ձեր անունը՝ որպես լույս արվեստի ա՛յս ասպարեզը ոտք դնող սերունդների ճանապարհին։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայագիտության և մշակույթի ոլորտի լրագրող

Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ